Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցը կընդլայնվի:

Այս մասին փետրվարի 26-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի անդամները, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության համար՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների զարգացման համատեքստում նախարարությունը կարևորում է միջազգային շահագրգիռ գործընկերների փորձագիտական, մեթոդական և գործնական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման և հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ներկայումս Հայաստանի 7 դպրոցներ, որպես գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ, աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երևանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ: Գերմանական կողմն առաջարկում է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:

Նշվել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը` DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաև DSD- 2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին: