1920 թ. դեկտեմբերի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և քեմալական վարչակարգի միջև Ալեքսանդրապոլում ստորագրվեց մի պայմանագիր, որը մեզ հայտնի է որպես Ալեքսանդրապոլի պայմանագիր: Այդ պայմանագրին վերաբերող քաղաքական, իրավական, դիվանագիտական և այլ բնույթի բազմաթիվ` թե նրբերանգներ, թե ծավալուն ու ընդգրկուն հարցեր դեռևս սպասում են լուրջ, գրագետ ու անաչառ հետազատողին, նրա բացահայտումներին ու հրապարակումներին:

Մենք ամենևին հավակնություն չունենք նույնիսկ հպանցիկ «դիպչել» նման հարցերին` դա, իրոք, զուտ գրագետ և բանիմաց մասնագետների ոլորտ է, բայց որպես Հայաստան պետության քաղաքացի մեզ իրավունք ենք վերապահում շեշտելու, որ վերջապես արդեն այդ նշված մասնագետների ասպարեզ գալու և սեփական ժողովրդին սեփական պատմության վերաբերյալ իրական ճշմարտությունը ներկայացնելու ժամանակն է: Եթե, իհարկե, ոլորտում հայտնվել են անձինք, որոնք ազատ են «պատմությունը քաղաքականության աղախինն է» կաղապարից և իրենց մասնագիտական գործունեության իմաստն ու նպատակը տեսնում են սեփական պատմության բազմակողմանի և անաչառ ուսումնասիրության ու ներկայացման մեջ, այլ ոչ թե պատեհապաշտության պղտոր ալիքի վրա մի ինչ-որ պատվեր փախցնելու, մի ինչ-որ թույլատրված վճարովի ծառայություն մատուցելու մեջ:

Որպես միջին վիճակագրական հայ մարդ, մենք ընդամենը կարող ենք ասել, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը տասնամյակներ շարունակ որակվել, բնութագրվել և համարվել է որպես «խայտառակ», «նվաստացուցիչ», «ստորացուցիչ», «պարտվողական» և նման բազմաթիվ հոմանիշներով բնութագրվող ազգակործան մի փաստաթուղթ: Բայց, որպես միջին վիճակագրական հայ մարդ, միջին վիճակագրական էլ հարց ես տալիս` իսկ այդ որ պարտված պետությունն է կարողացել երբևիցե ստորագրել իր համար փառապանծ, հաղթական, ազգանպաստ պայմանագիր: Այդտեղից էլ ծագում է հարցերի հարցը. իսկ այդ ինչպես պատահեց, որ դու՝ հայկական պետություն, հայկական բանակ, և ի վերջո` դու՝ հայ  ժողովուրդ, 1920 թ. վերջին արժանի եղաք ԿԱՐՍ-ի և ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ-ի: Մինչդեռ դիմացդ կանգնածը պարտված տերության մի բեկոր էր ընդամենը և այդ պահին իր ուժերով ու ռեսուրսներով, համենայնդեպս, գերակշիռ առավելություն քո հանդեպ չուներ: Եթե չասենք հակառակը: Այս հարցն է, որին 100 տարի է արդեն պատասխանը չի տրվում:

Միաժամանակ, նույն տասնամյակների ընթացքում անհերքելի տոնով շեշտվել է, որ իբր հայ ժողովրդին Ալեքսանդրապոլի պայմանագրով ստեղծած գերեզմանահորից հաջողվել է դուրս քաշել միայն 1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի շնորհիվ: Բայց դե մարդ ենք, էլի, բաներ ենք տեսնում, կարդում: Օրինակ, այդ պայմանագրերում շոշոփվող տարածքների, առանց չափազանցության, ամեն մի քառակուսի սանտիմետրի տալ ու առնելու պատմությանը քաջատեղյակ պրոֆ. Բաբկեն Հարությունյանը, բերելով հաշվարկային ակնհայտ փաստարկներ, նշում է, որ տարածքային առումով Մոսկվայի պայմանագիրը հայերիս համար զիջում էր  Ալեքսանդրապոլի պայմանագրին, իսկ պրոֆ. Յուրի Բարսեղովը, վերլուծելով այդ ամենը միջազգային իրավունքի տեսակետից, իր կողմից շեշտում է, որ այդօրվա Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու միջոցով, նույնիսկ այդ ծանր իրավիճակում ճիգեր էր գործադրում  հայկական պետականության պահպանման ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Մոսկվայի պայմանագրի տակ ոչ միայն չկա հայկական կողմի ստորագրություն, այլ այդ օրերին այդ կողմը ներկայացնելու հավակնություն ցուցաբերող հայ բոլշևիկները, ինչպես կասեր ստորագրող կողմերից մեկը, оказались за дверями:

Բայց, որքան էլ որ այդ ամենը ցավալի է, միևնույն է, դա մեր պատմությունն է և նրանից ոչ մի տեղ չես փախչի: Եվ, ինչպես միշտ է ասվել ու ասվում, բոլոր ազգերի մոտ և բոլոր տեղերում, որպեսզի պատմությունը չկրկնվի, պետք է այն ճիշտ իմանալ ու ընկալել: Սպասում ենք...

Իսկ այսօր մենք ընթերցողին կներկայացնենք Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այն հատվածը (ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 17, թթ. 1-26, բնագիր, ձեռագիր ), որտեղ հեղինակը թղթին է հանձնել 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանում և նրա շուրջ ծավալված դեպքերը, իրադարձությունները, մարդկային հույզերն ու տիրող իրավիճակը: Այսինքն այն քաղաքական, տնտեսական և հասարակական ու հոգեբանական ֆակտուրան, որոնց ֆոնի վրա ընթանում էին հայ-քեմալական բանակցությունները և ստորագրվում էր Ալեքսանդրապոլի դաշնագիրը:

Հուշերի այս հատվածը բաղկացած է երկու մասից: Այսօր ընթերցողին է ներկայացվում առաջին մասը, որը վերաբերվում է մինչև բուն ստորագրմանը նախորդող ժամանակահատվածին:

Ընթերցենք այն:

Վլադիմիր Հարությունյան, Ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր:

ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ. ՀՈՒՇԵՐ

Հուշեր`Կարսի անկումից հետո թուրք զորահրամանատարԿարաբեքիր փաշայի հետ հայ պատգամավորության ունեցածհանդիպմանՄոսկվայից Բ.Լեգրանի անունով ուղարկած գաղտնիգրությանԱլեքսանդրապոլում և Կարսի մարզում ստեղծված ծանրիրավիճակի մասին:

(1922 թ.)

... այդչափ անգոյն և այդչափ ողորմելի էին այն միջոցները, որոնցով հայկական կառավարութիւնը զրահաւորել էր իր պատվիրակութիւնը:

Շատ հետաքրքիր է, որ թիւրք դելեգացիայի կազմի մէջ էլ կար, օրինակ, նահանգապետ, այդ Էրզրումի նահանգապետն էր և պարլամենտի մի անդամ, բայց Անկարայի դելեգացիան ունէր իր ոչ միայն իսկական <մասնագէտները>, այն նոյն իսկ մամուլի յատուկ ... (փաստաթուղթը վնասված է): Այսպէս թէ այնպէս, մեր դելեգացիան ուղեկցող <մասնագէտները> աւելի թամաշաչիներ էին:

Եւ այսօր, երբ մենք հնարավորութիւն ունինք դիտելու անցած պատկերները իրանց իսկական իմաստում, մեզ մնում է միայն վկայել, թէ ո°րչափ ողորմելի էին այն միջոցները, որ տրամադրել էր ներկայացուցչութեանը հայկական կառավարութիւնը:

Բայց մի ծաղրալից պատկեր ևս: Պատգամաւորութեան տնտեսական պէտքերը հոգալու համար, որպէս մետր դոթել, մեզ հետ ուղարկել էին մի տաճկաստանցի հայ, որ ամենաշատը մի էժանագին սրճարանում կարող էր սպասաւոր լինել: Իսկ դելեգացիայի պէտքերի համար տրված էր հայկական դրամանիշներով մի քանի միլիոն րուբլի, որոնք ոսկով գուցէ մի 200 րուբլի. այնչափ մեծ խնամքով էր շրջապատված հայկական դելեգացիան:

Բայց անցնենք մեր պատմութեանը: Դրսում մենք գործ ունէինք տաճկաց բանակի հետ, որ նվաճելով մեր երկրի գրեթէ կէսը, բախում էր մեր մայրաքաղաքի դռները: Իսկ երկրի ներսում, որպէս մի գերբնական անտեսանելի հրէշ, կանգնում էր դաւաճան և այլասեռված հայը, որ յենվելով իր թիկունքում դարան մտած ռուս սվիների և թուրք խուժանի վերայ, սպառնում էր ոչ միայն մեր քաղաքական սահմաններին, այլ և մեր լինել կամ չըլինելուն...

Այդ օրերում Երևանի ռուս «դեսպանութիւնը» մի առանձին աշխոյժ կեանք էր ստացել: Այդ դարանը մտած հայ մատնիչները վխտում էին այդ դեսպանութեան շուրջը մի առանձին բերկրանքով, իսկ դեսպանութեան ռուս և հայ անդամները, կարեկցալից (մի ջնջվածբառ) հայկական կառավարութիւնը, իրանց միջնորդութիւնն էին առաջարկում թիւրք արշաւի առաջն առնելու գործում:

Եւ հէնց այդ օրերում հայկական կառավարութեան ձեռքը ընկավ Մոսկվայի հետևեալ գաղտնի գրութեան պատճէն Երևանի ռուս «դեսպան» Լեգրանի անունով` «ուղարկելով Ձեզ 35 հազար րուբլի ոսկով Հայաստանում պրոպոգանտա անելու համար, յայտնում ենք ի գիտութիւն, որ Հայաստանի դէմ բռնի միջոցներ առայժմ առնելու պէտք չկայ, որ մենք ունենք այնտեղ 138 գաղտնի գործակալներ և որ երկիրը ինքը կընկնի մեր գիրկը...»

Բայց աւելի հետաքրքիր էր, որ տողերիս գրողը այդ գաղտնի գրութիւնը պատահմամբ գտաւ Մինիստրի սեղանի վերայ, ուր բոլորը անցնում էին ու բոլորը ընկերավար կարդում... այդչափ գաղտնալից էր հայկական կառավարութիւնը և այդչափ կազմակերպ էր նրա դիւանը...

Բայց ինքը, Լեգրան, բացակայ էր, նա Բագու էր գնացել և նրան սպասում էին օրէն օր, թէ իր «դեսպանատանը» և թէ հայկական կառավարութիւնը...

Թիւրք հրամանատարութիւնը փակել էր Երևան-Թիֆլիզի միջև երկաթուղու երթևեկութիւնը և մարդիկ մեծ դժվարութիւններով գնում և գալիս էին Թիֆլիզ Դիլիջանի վերայով: Դեսպան Լեգրան վերադարձա Երևան նոյեմբերի 20, կարծեմ: Նրան դիմաւորելու Դիլիջան էր ուղարկված մեր կառավարութեան կողմից Երևանի պարետ փոխգնդապետ Շախաթունին, որ մեծապէս օժտված է հանդիսաւոր ընդունելութիւնների և սալօն ծեսերի համար:

Շախաթունը մեր շնորհալի դերասանն է: Ասում են, ճանապարհին, Լեգրան ասել էր պ. Շահխաթունուն - թողէք այդ «Երևանը», անցէք Մօսկվայի գեղարուեստական թատրոնը... Լեգրան, երևի, ուզում էր ասել, որ «Հայաստանը» այդ մի զառանցանք է, իսկ իրականութիւնը` Ռուսաստանն է...

Իր Երևան գալու միւս օրը, դեսպան Լեգրան, ուղեկցութեամբ վրացի յայտնի մեծամասնական Բուդու Մդիվանու, այցելեց Մինիստր նախագահին և կառավարչական կուլուարներում արդէն խօսում էին, որ Հայաստանի միակ փրկութիւնն է ստեղծված դրութիւնից դուրս գալու համար այդ «թեթև սօվետիզացիան է», խորհրդային իշխանութեան հետ ձևական տեսք ընդունելն:

Պէտք էր կարծել, ինչպէս և պարզվեց յետոյ, այդ ռուսական օրենտացիայի կողմակիցների համար էլ պարզ չէր մեր օրերի այդ քաղաքական նոր ֆորմուլան, շատերը կարծում էին, որ առ երես <<կարմրելով մի փոքր>>, նրանք բաւարարած կը լինեն հիւսիսում դարան մտած հրեաներին և նրանց այդպիսով, կը խաբեն...

Բայց այսօր մի բան միայն ակներև է - մեզանից ոչ ոք ոչ մի գաղափար չունէր բօլշևիզմի մասին և ոչ մի հասկացողութիւն չուներ, թէ ի°նչ դժոխային ցանցերով էր պատած մեր <<միացեալ և անկախ Հայաստանը>>...

Եւ եթէ այն օրերում մենք չէինք կարողանում հասկանալ, թէ ի°նչ զուգադիպութեամբ Կարսի անկման օրերում դեսպան Լեգրան մեկնում է Բագու և այնտեղից վերադառնում է ինչ որ Բուդու Մտիվանու հետ, գէտ այժմ, իհարկէ, շատ պարզ է, թէ ի°նչ բարի խաղ էր կատարվում մեր շուրջը և (ըստ երևույթին կա պակասող էջ)…

… արտակարգ գնացքը, որ պատրաստվում էր մեզ համար, փայլում էր էլեկտրական լույսով: Զուգադիպութիւնը երբեմն ոչ թէ պատահականութիւն է, այլ գուցէ պատմական դիպուածների դասաւորում, ու մարդիկ, որպէս բնածին սնոտիապաշտներ, տրամադիր են տեսնել այս և այն մեկնութիւն: Եւ այդ անհասանելի ճակատագրի բերմունքով էր, երևի, որ Խատիեան գնում էր այն սալօն վակոնով, որ ուղիղ մի տարի առաջ բերեց նրան դէպի Կարսի Արփաչայ: Ուղիղ մի տարի առաջ, շրջապատված գեներալներով, հասարակական գործիչներով ու փայլուն շքախմբով, Մինիստր նախագահ Խատիսեան Արփաչայի վերայ ընդունում էր Կարսի նահանգապետի պատվաւոր զեկուցումը նահանգի դրութեան մասին և շատ բարձր տրամադրութեամբ լսում այդ միջոցում ազգային հիմնը:

Բայց այսօր Կարսի նախկին նահանգապետը ուղեկցում էր պրեմիերին դարձեալ դէպի Արփաչայ, որի պղտորված ջրերի հորձանքում վերջինս ստիպված է լինելու ստորագրելու այն Կարսի անջատումը, որ դեռ մի տարի առաջ արքայական ընդունելութիւն ցոյց տվեց հայկական պրիմիերին...

Երբ դելեկացիայի նախագահը մտաւ սալոն վակոն, մենք բոլորս յուզված և ճնշված էինք:

Կան մոմենտներ, երբ մարդկանց տրամադրութիւնը անդրադառնում է դէպի շրջապատը անկախ խոսքերից և հառաչանքներից և այդ զգաիւն ու վիրաւոր տրամադրութիւնը խմորվել էր դելեկացիայի անդամների և նոցա ուղեկցողների շարքերում, անկախ խօսքերից և որևէ մեկնութիւններից...

Բայց ելքը ուղեկցում է ամէն մի դրութեան և մենք լուծեցինք մեզ ճնշող մթնոլորտը և շտապելով առանձնանալու մեր կուպեներում... Եւ մեր այդ առանձնակի հոգեբանական վերապրումներով, խորին լրութեան և գիշերվայ թանձր խավարի մէջ, մեր գնացքը շարժվեց դէպի Աղէքսանդրապոլ...

Բնութիւնը ունի իր մեծ գաղտնիքները և այդ հանելուկների շուրջը մարդկութիւնը շարունակում է դեռ մաքառել ու հաւատալ: Մեր ձախորդ օրերը ստացել էին արդէն այդ ընթացքը և մռայլ ու ճնշող տեսիլները կարծես թէ յետևում էին իրարու: Մի ամսից աւել Հայաստանը մազութ չէր ստանում Բագվից և հայկական երկաթուղիների գնացքները բանում էին փայտով: Պետական ապարատը խանգարվել էր արդէն միանգամայն և պաշտօնեաները իրանց վերջին ժամերն էին հաշվում... Այդ մթնոլորտում խօսք չէր կարող լինել պարտաւորութիւնների, պարտաճանաչութեան և մանաւանդ պատասխանատվութեան մասին և ամէն ինչ կախված էր պաշտօնեայի քմահաճ տրամադրութիւնից...(առկա է տեքստի խզում)

… սպասում էր կայեաններում փայտի և Աղէքսանդրապօլ մենք հասանք ոչ թէ 5 ժամից յետոյ, ինչպէս առաջ, այլ միայն 40 ժամից յետոյ... Բայց այստեղ գուցէ իւր տեղում կըլինէր ասելու, որ Հայեաստանի երկաթուղիները զինվորական դրութեան վերայ էին և ենթարկվում էին զինվորական հաղորդակցութիւնների պետին, որ դարձեալ մի ռուս գնդապետ էր, այն էլ արբեցող` Միխայլօվսկի ազգանունով: Եւ այլ վերաբերմունք այդ ռուս գնդապետից դէպի հայկական կառավարութեան արտակարգ պատվիրակութիւնը, որ նշանակված ժամին պետք է Աղէքսանդրապօլ լինէր, չէր էլ կարելի իհարկէ սպասել: Իսկ մեր յետևից, նոյնպէս շատ դանդաղ գալիս էր մի աւելի մռայլ  գնացք: Այդ մեծ զինվորական գնացքը ակամայից կարծես շարժվելով մերթ կանգնում, մտածմունքի մէջ ընկնում ապա նորից, շատ ծանր հառաչելով, շարժվում և լալկան սուլում...: Այդ վշտահար գնացքը տանում էր Աղէքսանդրապօլ, թիւրք հրամանատարի ուլտիմատի պահանջով, մեր թնդանօթները, գնդացիրները, ջորիները և այլ պատերազմական աւարը:

Ես մոռացայ իր տեղում յիշել, որ երբ այդ ռազմամթերքը բարձում էին վագոնները Երևանի վակզալում, այդ զինվորական գնացքի պետ սպայ Վարդանեանն այնչափ յուզված և ջղայնացած էր, որ չկարողացաւ զսպել իրան ու շատ բարձր հեկեկաց, յուզելով զինվորներին և վակզալի յամբողջ բազմութեանը...: Տիրեց մի աննկարագրելի թախիծ և մարդիկ մռայլ ու պապանձված կարծես շարժվում էին որպէս ուրուականներ այդ դաժան մթնոլորտում...:

Կայարաններում, երբ մեր գնացքները հանդիպում էին, մենք խուսափում էինք դուրս գալու վագոններից, թէ մի աւելորդ անկում չը յուզվելու համար և թէ այն պատճառով, որ մեր երևալը աւելի ճնշում և նորոգում էր այդ գնացքի ուղեկցողների ծանր վերապրումները...: Իսկ նրանք` գնացքի այդ խեղճ պարետը և զինվորները, լուռ կանգնած էին այդ սգաւոր վագոնների շուրջը, կարծես վերջի անգամ բոլորելով այն նշխարները, որ այնչափ սիրելի ու այնքան մտերիմ էին այսօր:

Մեր գնացքը դանդաղ շարժվեց և այդ զինվորներից մէկը թախձալից դառնալով դէպի այդ անցնող գնացքը, սկսեց երգել - ինձ մի խնդրիր, ես չեմ հարգիլ, շատ տխուր է իմ երգը, նորա ձայնը կը խորտակի սրտիդ քնքույշ բերկրանքը...

Նոյեմբերի 24, լուսաբացին, մենք հասանք Աղէքսանդրապոլ: Դեռ Բաեանդուր, վերջին կայարանում, որ թիւրքերի ձեռքումն էր, մեր գնացքը անցաւ մի թիւրք սպայ, որին պատվիրված էր ուղեկցել մեզ Աղէքսանդրապոլ: Երբ գնացքը մի երկու րոպէ կանգնած էր Բաեանդուր, վակոններին մոտեցան մի խումբ հետաքրքրվող թիւրք ասկերներ, որոնցից մէկը հարցրեց մեր պաշտօնեաների մէկին Կարսի վալին էլ (նահանգապետը) այստեղ է...

Նա լսել էր, երևի, որ պատվիրակութեան կազմումն է և Կարսի հայկական նահանգապետը և այդ պատճառով, իրոք, նրան այդ հետաքրքրում էր...

Մի կէս ժամից յետոյ մենք արդէն Աղէքսանդրապոլ էինք: Վագզալի թիւրք պարետը, մի փոխգնդապետ, ի դիմաց տաճկաց զօրաբանակի հրամանատարի ներկայացաւ մեր դելեգացիայի նախագահին և ողջունեց մեր գալուստը: Նա խօսում էր ֆրանսերէն և, ինչպէս պարզվեց, շատ մօտ ծանօթ էր Կարսի նահանգի մեր բոլոր անցուդարձին: Նա մի քանի խօսքով կանգ առաւ իմ վարած քաղաքականութեան վերայ, ընդգծեց գեներալ Փիրումովի և գեն. Յովսէփեանի վերաբերմունքը դէպի երկրի իսլամ ազգաբնակութիւնը և այլն: Եւ մեզ մնում էր միայն զարմանալ, թէ երկրի ի°նչ մանրամասն ուսումնասիրութեամբ էր գալիս Կարսի նահանգը թիւրքաց զօրաբանակի հրամանատարը: Աղէքսանդրապոլի վագզալը ես չէի կարողանում ճանաչել արդէն, այնչափ փոխվել էր այդ քսան օրվայ ընթացքում: Արդէն չկային դռներ, լուսամուտի ապակիները, սեղաններ ու աթոռներ, ամէն բան թալանված և կողոպտված էր: Իզուր էի ես որոնում վակզալում ծանօթ դէմքեր, այնտեղ վխտում էին տաճկաց զինվորները և մի երկու հայ մուրացկան... Մի ժամից յետոյ եկան թիւրքաց շտաբից մեզ համար ուղարկված երկու ավտոմոբիլ և երկու կառք: Ավտոմոբիլներից մէկը այն ավտոմոբիլն էր, որով Կարսի հայկական նահանգապետը շրջագայում էր նահանգը: Դեռ երեկ, այդ ավտոմոբիլի շուրջը խմբվում էին նորա բազմաթիւ ուղեկցողները և դիմաւորողները, խնդրատու, գանգատաւոր, այդ ավտոմոբիլը տեսել է հայկական իշխանութեան մեծ հանդեսներ և վկայ էր երբեմն մեծ ցոյցերի և մեծ հրաւառութեան...

Իսկ կառքերից մէկը, երկու սև նժոյգներով, ժամերով կանգ է առել Կարսի նահանգապետի տան առաջ, այդտեղ էլ Կարսի բերդի նախկին պարետ գեներալ Փիրումովի կառքն էր...

Այդպէս փոփոխակի է աշխարհի բախտը և որպէս այդպէս ունայն են իրաւունքը, փայլը և քաղաքական խաբուսիկ խմորումները: Եւ կեանքի այդ մօզաիկ հատվածները, կեանքի հետ միասին, անցնում, գնում են, թողնելով սերունդներին պատմութեան բեկորները, ուր հասարակական կեանքի ուսումնասիրողը կը գտնէ այնքան դրական և բացասական տվեալներ...

Մենք անցնում էինք Աղէքսանդրապոլի գրեթէ դատարկ փողոցներով: Թէև արդէն առաւօտվայ ժամի ինն էր, բայց փողոցներում մարդ չկար: Խանութները փակ էին, լուսամուտները վարագուրուած և այս ու այն դռան կիսաբաց անցքից երևում էին մարդկանց սիլուետները...

Այդպէս էր դեռ երէկ եռուն և բազմամարդ հայկական քաղաքի տեսքը:

Թիւրքաց շտաբը տեղաւորվել էր ամրոցում: Այդ հռչակաւոր ապարանքը երևի շատ բան էր յիշեցնում թիւրք հրամանատարութեանը: Նա կառուցվել է մեծանուն իշխան Բեհբութեանի օրով և կրում է այն ահարկու անունը, որ անցեալ դարի 54 թվին Աղէքսանդրապոլի դիմաց, Բաշկադիկլարի սարահարթում, ջարդեց թիւրքաց մեծ զօրաբանակը և ստիպեց յամառ և գոռոզ Կարսը խոնարհվել հայ հրամանատարի առաջ...

Եւ երբ մեր կառքերը կանգ առան մեզ համար այդ ապարանքում պատրաստված բնակարանի առաջ, մենք ոչ միայն ճնշված էինք, այլև յուզված- մենք անցնում էինք այն կամարներով, ուր երբեմն իշխել և ահաբեկել է հայ հռչակաւոր հրամանատարը...

Մեզ դիմաւորեցին թիւրք սպաները և մենք անցանք մեզ հատկացված սենեակները:

Հայկական դելեգացիայի նախագահը յանձնարարեց իր ադիւտանտ Ղորղանեանին անցնել թիւրքաց շտաբը իմանալու, թէ ե°րբ տաճկաց հրամանատարը կարող է ընդունել հայկական պատվիրակութեանը: Եւ մի ժամից յետոյ, թիւրքաց սպաների առաջնորդութեամբ, պ.պ. Խատիսեան, Գիւլխանդարեան և ես անցանք թիւրքաց շտաբը, ուր բնակվում էր և ինքը` հրամանատարը:

Մեծ դահլիճում մեզ դիմաւորեցին բազմաթիվ սպաներ զանազան աստիճանների և նոցանից աւագը առաջնորդեց մեզ դէպի հրամանատարի առանձնասենեակը: Աւագ զօրաւար Կեազում Կարաբեկիր փաշայ, գլխաւոր հրամանատար արևելեան ճակատի, 40-45 տարեկան յաղթանդան մի զօրաւար է, Նապոլեօնի տարազով հագնված: Նա լուրջ է, խելոք և իր գինը իմացող մարդու տպաւորութիւն էր թողնում: Նոր ընդարձակ սենեակը և ննջարան էր և առանձնասենեակ: Մեծ գրասեղանի վերայ փռված էր ռազմական մեծ քարտեզը, երկար մատիտ, հեռախօս և ուրիշ ոչինչ... Մեզ յոտոյ պատմում էին, որ թիւրքաց հրամանատարը երկու բան է շատ սիրում - քարտեզ և հեռադիտակ... Քարտեզի առաջ նա նստում է ժամերով, ուսումնասիրում և իր ռազմական դասաւորումները անում, իսկ որչափ ժամանակ նա ձեռքից վայր չէ թողնում հեռադիտակը... Ճիշտ այնպէս, ինչպէս որ մեր Կարսի գեներալները...

Կեազում Կարաբեկիր ստացել է բարձր զինվորական ուսում, ունի գրվածներ: Նա խօսում է ֆրանսերէն և գերմաներէն: Ալ. Խատիսեան, փոխանակվելով հրամանատարի հետ ողջոյններով, ապա ներկայացրեց նորան մեզ: Հրամանատարը սիրալիր վերաբերվեց դէպի իր հիւրերը, անմիջապէս բերեցին տաճկաց տրադիցիոն սուրճը փոքրիկ ֆինջաներով և մենք, բոլորելով քարտեզով ծածկված սեղանը, անցանք զրոյցի:

Կարաբեկիր փաշան շատ զգոյշ և կորեկտ, կրկնեց այն բոլորը, ինչ որ ասել էր մինիստր Արարատեանին և աւելացրեց, դարնալով պ. Խատիսեանին. Բայց և այնպէս, երբ ես լսեցի, որ դուք, Ձեր կառավորութեան յատուկ յանձնարարութեամբ գնում էք Եւրոպայ, ես Էրզերումից յատկապէս եկայ Տրապիզօն: Ես յայս ունէի, տեսնելու Ձեզ հետ և հաւատում էի, որ մենք կարող ենք գալ մեր դարաւոր վէճի մասին մի որոշ համաձայնութեան: Բայց դուք, ժպտալով ասաց թիւրքաց զօրաւարը, խորշեցիք Անատօլիայի գեղածիծաղ ափերից և ես ստիպված էի արշաւելու դէպի Ձեր սահմանները...

Բայց Թիւրքիայի ազգային մեծ ժողովը ոչ մի նվաճողական միտումներ չունէր և սպառելով դիւանագիտական միջոցները, նա վճռեց զինվորական ցոյց կատարել Ձեր սահմաններում, յոյս ունենալով գէտ դորանով ստիպելու Ձեզ, Սևրից անջատ, մեզ հետ բանակցելու: Բայց, շեշտեց և երկարացրեց հրամանատարը, ուղղահայեաց դիմելով մեր երեքիս,- երբ իմ բանակի առաջաւոր մասերը, մի քանի հարիւր հոգուց բաղկացած, երևացին Ձեր սահմանների բարձրավանդակներում, դուք դատարկեցիք Օլթիից մինչև Կաղզման և Սարիղամիշ:

Մեզ ոչինչ չէր մնում անելու, կարծես ներողութիւն խնդրելով վրայ բերեց հրամանատարը, մենք հանգիստ գալիս էինք Ձեր յետևից և ճակատագրին հաճոյ էր, երևի, որ մենք կանգ առնէինք միայն այնտեղ, Արփաչայի ափերում... Բայց և այնպէս, վերջապէս [ ավարտեց ] Կեազում Կարաբեկիր, դարնալով դէպի պ. Խատիսեան, ես շատ ուրախ եմ Ձեզ հետ գէտ այստեղ ծանօթանալու, որովհետև շատ անգամ լսել եմ Ձեր մասին...

Պ. Խատիսեան, որպէս ճկուն հռետօր, կարիք չուներ ... դարձվածներ որոնելու, նա նոյնպէս քաղցրալից պատասխանեց Տաճկաց հրամանատարին:

Երբ երեկոյեան, ժամի 9, մենք թողեցինք մեր բնակարանը ու անցանք դէպի պատրաստված ավտօմօբիլները, երևաց թիւրքաց հրամանատարը շրջապատված իր շքախմբով: Կարաբեկիր փաշան տրամադրել էր այս անգամ մեզ իր ավտօմոբիլը և եկել էր մեզ ճանապարհ ձգելու` շնորհակալութիւն ասելով զօրաւարին նորա հիւրասիրութեան և ուշադրութեան համար, մենք թողեցինք իշխան Բեհբութեանի հռչակաւոր ամրութիւնները:

Բայց ես կուզէի մի քանի խօսք էլ ասել թիւրք հրամանատարի մասին: Կեազում Կարաբեկիր փաշան անպայման ընդունակ և լուրջ զօրաւար է և պատիւ կարող է բերել իր զօրաբանակին: Բայց նա անուն և հռչակ ստացաւ Կարսի անկումից յետոյ և կործանվող Հայեաստանի աւերակների առանց­քում հիւսվեցին նորա դափնիքը:

Բախտը սիրում է տարուբերվել միշտ քմահաճ շրջափակում և նա շատ անգամ ժպտում է մարդկանց անվերաբեր դոցա արժանաւորութիւն­նե­րին և վաստակներին:

Թիւրքաց հրամանատարին վիճակվեց քշել հայկական բանակը առանց կռվի և նա մտաւ Կարս ոչ որպէս յաղթող: Կարսի ամրութիւնների հարիւրաւոր ծանր թնդանոթները, որոնք պատմութեան ընթացքում խորտակել են թշնամու մեծ բանակներ և ամիսներով Կարսը անձեռնմխելի դարձրել, բախտի քմահաճ բերմունքով լռել էին Կեազում Կարաբեկիր փաշայի առաջ...: Եւ նա մտաւ Կարս մի քանի հարիւր քուրդ հրոսակների առաջնորդութեամբ, որոնց առաջ գլխակոր կանգնած էին թէ այդ ահռելի թնդանօթները և թէ Կարսում մնացած մեր գեներալները, սպաները և զինվորները...:

Կարսը ընկաւ, բայց ոչ նվաճվեց, ինչպէս չը յաղթվեց և հայկական բանակը, որին մի գերբնական ոյժ հեռացնում էր առաջացող թշնամուց: Հայկական բանակը, ինքնաբերաբար, հոգեբանական մեծ վերապրումների առանցքում, թողեց պատերազմի դաշտը և հեռացաւ: Նա չարտայայտեց իր պատերազմական կորովը և թողեց թշնամուն տարուբերվելու իր այդ առիթով ենթադրութիւններում: Եւ հայկական բանակը հեռանում էր հայրենի սահմաններից ոչ պարտված և ոչ ջարդված: Նա բռնված էր իր ժամանակի տենդով և ցրվելով գաւառները, նա տանում էր իր հետ իր վաղեմի կորովը, որ քնած, թմրած դրութեան մէջ, կը սպասէ նոր օրերի և նոր տրամադրութեան...:

Եւ այստեղ մեր վերջի հրաժեշտը տալով Աղէքսանդրապօլի կօնֆերանսի նախագահ թիւրքաց բանակի հրամանատար Կեազում Կարաբեկիր փաշային, մենք ընդգծում ենք մեր երեկվայ հակառակորդի բոլոր արժանաւորութիւն­ները: Բայց և վերջին անգամ դասելով թիւրքաց հրամանատարին ոչ օրդինար զօրաւարների շարքը, մենք չենք կապում նորա քմահաճ հռչակը Կարսի և հայ զօրաբանակի հետ: Այդ երկու հակառակ մէկը միւսին բացառող ոյժերը բնորոշելով մեր օրերը, մնացին մեկուսացած: Կարաբեկիր չը կարողացաւ ռմբակոծել Կարսը և ջարդել հայկական բանակը: Նա մտաւ Կարս ոչ որպէս երբէմն Կոմս Լօրիս, նա ստացաւ Կարսի բանալիները քմահաճ բախտի ձեռքերից:

Իսկ հայկական թշվառ բանակը, զոհ իր ժամանակի ցնորքների և ապականութեան, թողեց մեծահամբաւ ամրութիւնները տանելով իր հետ նորից տրամադրվելու և նորից կայծակելու խորհրդաւոր խմորումը... Մեզ սպասում էր պատ­րաստ գնացքը:

Էլեկտրական լոյսով վառվող սա­լօն-վագոնի դիմաց մեզ դիմաւորեց երկաթուղու պարետը, թիւրք փոխգնդապետը: Հայոց հանրա­պետութեան պրեմիերը, վճռական և մեծաեռանդ քայլերով անցաւ սալօն-վագոն: Ձախորդ օրերը չէին անդրադարձել նորա արտաքին տեսքի վերայ: Մեծ օպտիմիստ, նա կատարվող անցուդարձը հեր­թական, անցնող տեսիլ էր համարում և իր սրտի խորքերում փայփայելով վաղեմի երազ­ները սպասում էր նոր գարնան և ջերմ օրերի...

Երևան դեռ չը հասած, մոտակայ կայեա­րան­նե­րից մէկում, իմացանք, որ Ռուբէն փաշան փախել էր բոլորից առաջ և ստիպված էր հեռանալու հայկական կառավարութեան նախկին նախագահ Հ. Հովհանջանեան և ուրիշները: Իսկ Դրօն, բախտի այդ քմահաճը, դեռ շարունակում էր <<հայկական>> զօրքի հրամանատար հաշվվել և սպասում էր նոր իշխանութեան և նոր հրամանի...