Հայաստանում ինժեներական քաղաք կստեղծվի, որտեղ կենտրոնացված կլինեն ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները և հաստատությունները: Քաղաքը կտեղակայվի Երևանի Բագրևանդ փողոցում։ Համապատասխան հայեցակարգը քննարկվելու է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում: Այս մասին հայտնել է ՊանԱրմենիան-ը։

Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

Ծրագիրը բաղկացած է ենթակառուցվածքային և բովանդակային բաղադրիչներից։ Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած Ինժեներական բիզնես աքսելերատորից և Համատեղ աշխատանքային տարածքից, Ինժեներական կենտրոնից, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն` լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր, աքսելերացիոն ծրագիր, «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներքո:

Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում:

Քաղաքի ստեղծման համար նախատեսվում է մոտ $21,2 մլն-ի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը` մինչև $10,5 մլն, նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով: Մնացած 50%-ը կներառվի «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի կողմից: