Մարտի 1-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանը և նույն ծրագրում մարդու իրավունքների փորձագետ Մարինե Մալխասյանը: Հյուրերին ընդունեց Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և ողջունեց նրանց՝ համագործակցությանն ուղղված նախաձեռնությունը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրին, որ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը ԵՄ մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագրի մաս է կազմում և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական ուղղություններն են խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելումը, հակախտրականությունը, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարն ու երեխաների իրավունքները: Կողմերը քննարկեցին միջազգային փորձագետների ներգրավմամբ խոշտանգումներին, խտրական վերաբերմունքին առնչվող համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև Ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող համապատասխան թիրախային խմբերի համար սեմինարների անցկացումը:

Պրոռեկտորը հյուրերին ներկայացրեց հիշյալ թեմաներով Ակադեմիայում անցկացվող դասընթացները, նաև մանրամասն անդրադարձավ Ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսերի առանձնահատկություններին, միջազգային գործընկերների հետ իրականացված նմանատիպ ծրագրերին, դրանց արդյունքներին: Խոսվեց լսարանի առանձնահատկություններով պայմանավորված մոդուլների մշակման բովանդակային ու նաև դասընթացների անցկացման կազմակերպական հարցերի մասին: Անահիտ Մանասյանը տեղեկացրեց այս պահին այլ գործընկերների հետ մշակման փուլում գտնվող նոր մուդուլների մասին: Ավելին՝ պրոռեկտորը առաջարկեց համագործակցության հստակ և թիրախային ուղղություններ՝ այդ առումով հաշվի առնելով Ակադեմիայի ունկնդիրների կարիքները: Հյուրերը ողջունեցին առաջարկները և նշեցին, որ համապատասխան քննարկումներից հետո հնարավոր կլինի դրանց իրականացումը: