Գրող, ակտիվիստ Կարեն Անտաշյանն հայտնում է, որ Նոր Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում ժայռապատկերներով քարերը բազալտե քարերի կույտի մեջ չեն առանձնանում որպես պատմական հուշարձաններ և վերածվում են աղբանոցի: «Արմենպրես»-ը զրուցեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարության հետ՝ պարզելու, թե որն է ոչ պատշաճ հոգածության պատճառը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ իրենք չեն հասկանում, թե ինչ նկատի ունեն և պատրաստ են լսել խնդիրն ու արձագանքել դրան՝ մանավանդ, որ «Տիգրան Մեծ» զբոսայգում ժայռապատկերներով քարերը տեղադրվել են այգում կառուցված հատուկ անցուղում:

«Մենք այդ բոլոր ժայռապատկերներն առանձին տեղադրել ենք հենց այգում կառուցված հատուկ անցուղու աջ ու ձախ կողմերում: Նույնիսկ տեղադրված են այդ քարերի բացատրությունները: Դրա հետևում ձորն է, միգուցե խոսքը դրա, ոչ թե այգու մասին է: Ես չեմ հասկանում մտահոգության պատճառը, բայց պատրաստ եմ նրանց հետ քայլել այդ այգում, լսել, թե ինչն է խնդիրը»,-ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ այգում մաքրման աշխատանքներ են կատարվում նույնիսկ այս պահին: «Եթե խնդրով մտահոգ են, թող հորդորեն նաև բնակիչներին, որ կենցաղային աղբը չգցեն այգու մեջ: Քարերի հետևի հատվածն էլ աղբավայրի վերածելու խնդիր չկա: Քարերն առանձնացված են, սարքված են պատվանդաններ»,-նշեց Ալավերդյանը:

Այնուամենայնիվ, «Արմենպրես»-ի հետ զրույցում խնդիրը բարձրացրած Կարեն Անտաշյանը պնդեց հակառակը: «Այդպես չէ, այնտեղ բոլոր ժայռապատկերները լցված են մեկ կույտի մեջ, առանձնացված ժայռապատկերներ չկան»,-ասաց նա ու որպես ապացույց տրամադրեց իր իսկ արած լուսանկարները: