Այսօր՝ Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքում և զուգահեռաբար ՀՀ 10 մարզերում տեղի ունեցավ «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման արարողությունը: Այն Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ էր։

Ամենամյա միջոցառումը անցկացվում էր 11-րդ անգամ, որի ժամանակ թվով 28 հազար պատանի երկրապահները երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նախ շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց պատանի երկրապահների ծնողներին՝ երեխաների դաստիարակությունը ԵԿՄ-ին վստահելու համար: Այնուհետև նշեց, որ ԵԿՄ-ը պատվով է շարունակում երկրապահ կամավորականների հիմնադիր նախագահ Վազգեն Սարգսյանի գործը: Համաձայն նրա խոսքի այսօր ԵԿՄ-ականների միության անդամների թիվն անցնում է 70 հազարից, որից 28 հազարը պատանի երկրապահներ են:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս կարևորեց ԵԿՄ-ականների ծավալուն աշխատանքը՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելը և նրա գաղափարներով նոր սերնդին հայրենասիրությամբ դաստիարակելը:

«Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Նախագահ Սարգսյանը:

«Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները: Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է»,- ասվում է Նախագահի ուղերձում: