Երևանի քաղաքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այն վարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչությունների, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարները։ Քաղաքապետը բոլորին հանձնարարեց Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին:

Քաղաքապետի հանձնարարականով նաև կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն ու կթարմացվեն:

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին, գլխավոր դիզայներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև սկսել մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ներկման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև համատիրություններին ու մասնավոր ընկերությունների՝ պահպանելով գունային ներդաշնակությունը: