Երևանում անցկացվող «Շեֆիլդի համալսարանի օրերի» շրջանակում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Հայաստանի շուկայում աշխատող մենեջերների համար վարեց վարպետության դաս «Դիմավորեք՝ գլխավոր տնօրեն. Ճանապարհ դեպի վերելք» թեմայով։ Նա ներկայացրել է իր կարիերայի մեկնարկը, ճանապարհին հաղթահարած մարտահրավերներն ու դժվարությունները և կիսվել է իր խորհուրդներով։ Այս մասին հայտնում է tert.am-ը։

«Շեֆիլդի համալսարանի օրերը» Երևանում անցնում են 2 օր՝ մարտի 5-ին և 6-ին։ Այդ ընթացքում փորձառու թոփ մենեջերները կառավարման ոլորտում աշխատող մասնագետների հետ կիսվում են իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևերով։

«Ցանկացած գործում հաջողության հասնելու գաղտնիքը չհիասթափվելն ու սեփական ուժերին հավատալն է, սխալներից դասեր քաղելը։ Ամենահաջողակ գործարարները չեն վախենում սխալներից՝ դրանք համարելով թանկարժեք փորձ, որը բարձրացնում է հաղթանակի հասնելու հավանականությունը։ Բացի այդ, լավ առաջնորդը պետք է ոչ թե կառավարի մարդկանց, այլ ոգեշնչի և օրինակ ծառայի նրանց համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Executive MBA ծրագրի ուսանողները դեպի բարձունքներ ձգտող մենեջերներ են, ովքեր համատեղում են իրենց աշխատանքը բարդ ուսումնական ծրագրի հետ և վճռական են գերազանց կրթություն ստանալու հարցում՝ համոզված լինելով, որ այն կնպաստի իրենց հետագա մասնագիտական հաջողություններին», - ասաց Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի Տարածաշրջանային տնօրեն Լիլիթ Շահզադեյանը։

Beeline-ի ղեկավարից բացի վարպետության դասեր անցկացրեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և «ԱրմԱս»-ի տնօրենները, ինչպես նաև Շեֆիլդի համալսարանի Կառավարման բարձրագույն դպրոցի երկրորդ կուրսի ուսանողները։ Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հատուկ տեխնիկաներ՝ էֆեկտիվ որոշումներ կայացնելու համար։