Հայաստանի ազգային կինոկենտրոնը կդադարի կինոարտադրությամբ չի զբաղվել։ Այդ ֆունկցիան կիարականացնեն կինոարտադրող ընկերությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը: Փոխանցում է tert.am-ը։

Ֆիլմերի հայտերի ընդունման և ֆինանսավորման նոր կանոնակարգը հետևյալն է՝ ստեղծվելու է տեխնիկական և գեղարվեստական հանձնախումբ: Տեխնիկական հանձնախումբը կքննարկի ներկայացված հայտերը, կստուգի հայտերի ճիշտ ներկայացման ձևաչափը, տեխնիկական և իրավական բոլոր կողմերը:

«Տեխնիկական հանձնախումբն ընտրվում է կինոկենտրոնի կազմից, կարող են լինել նաև հրավիրված մասնագետներ: Հանձնախմբում լինելու են 3-5 հոգի՝ ամեն մի անվանակարգում: Հանձնախմբի անվանակարգերն առանձին են լինելու՝ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի»,- նշեց Շուշանիկ Միրզախանյանը:

Գեղարվեստական հանձնախումբը գեղարվեստական մասով՝ բալային համակարգով կգնահատի ներկայացված հայտը:

«Հայտերը կներկայացվեն առանց ռեժիսորների, սցենարիստների անունների: Հայտերը պետք է համարակալվեն, որպեսզի ստեղծագործական հանձնախումբը ծանոթանալուց չիմանան, թե ում սցենարն է: Փորձում ենք ամեն ինչ անել այդ թափանցիկությունը պահպանելու համար»,- հայտնեց նա:

Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորման 30%-ը պետք է տրվի դեբյուտային ֆիլմերին: Դրանով փորձ է արվում ավելի շատ երիտասարդների ներգրավել ֆիլմարտադրության մեջ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ սա մշակույթի նախարարության ռեֆորմներից հերթականն է:

«Ազգային կինոն մենք կարևորում ենք նաև օրենքով և այս տարվա ընթացքում, հավանաբար, օրենքը կառավարությունից կտեղափոխենք Ազգային ժողով, որպեսզի սկսենք քննարկումները»,- ասաց Արմեն Ամիրյանը: