Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն, որի ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր։ Վերջինս ենթադրում է երկու քաղաքների միջև եղած համագործակցության խորացում՝ հստակ գերակա ուղղություններով։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների:

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: