Ազգային Ժողովի այսօրվա արտահերթ նիստում, 63 կողմ և 31 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Փոխանցում է news.am լրատվական կայքը։

«Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը համաձայնելու դեպքում պետք է ներկայացնի Սահմանադրական դատարան։ Եթե առարկություններ ունի կարող է վերադարձնել վարչապետին կամ ներկայացնել ՍԴ: Այդ դեպքում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այնուհետև ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միևնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որևէ մեկին, եթե չկա վարչապետի համապատասխան առաջարկությունը: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ ներկայացված առաջարկին, ապա այն, միևնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա: Նախագահը կարող է պարզապես առարկություններով վերադարձնել առաջարկը վարչապետին, կարող է նաև դիմել ՍԴ: