Մարտի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է եռօրյա սեմինար՝ նվիրված կազմակերպված հանցավորության դեմ պայքարին: Այն Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) հետ համատեղ կազմակերպված հերթական միջոցառումն է, որին մասնակցում են ՀՀ ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորներ, ՀՀ դատախազության դատախազներ, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներ, ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրից: Սեմինարը վարում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջո Վիթլին:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցին միջոցառման կազմակերպման և անցկացման համար և նշեց, որ նման կարևոր թեմատիկայով յուրաքանչյուր վերապատրաստում հրատապ է ու արդիական: «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խնդիրները վաղուց արդեն դուրս են եկել պետական սահմաններից, միջպետական հարաբերությունները շատ կարևորվում են, այդ թվում հանցավորության տվյալ դրսևորման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առումով: Մեր գործընկերների փորձը, որը այդ պայքարի ոլորտում բավական հարուստ է, կարծում եմ՝ շատ օգտակար կլինի»,-նշեց ռեկտորը: Նրա խոսքով՝ մասնակիցների լայն շրջանակի ընտրությունը պատահական չէ, քանի որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովումը հնարավոր է միայն համատեղ ջանքեր գործադրելով: