Պարենային մթերքների թանկացումը մի շարք խնդիրների առաջ է կանգնեցրել։ Այս թեմայի շուրջ խոսել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ հարցազրույցի ժամանակ։ Փոխանցում է պանորամա-ն։

Զրույցում մանրամասնում է, որ գնաճը բերում է կեղծիքների, որպես օրինակ նշում է թթվասերը, կարագը, երշիկեղենը, որոնցում բուսայուղեր, տրանսճարպեր, մեծ քանակությամբ օսլա են օգտագործվում: Գիտնականի ղեկավարած՝ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչպես է ազդել սննդամթերքի գնի բարձրացումը քաղաքացիների սննդակարգի վրա: Տվյալները դեռ ամփոփման ու գնահատման փուլում են, նախնական պատկերն արդեն մտահոգիչ է:

«2017թ․-ին տավարի մսի թանկացում ու թռչնամսի որոշակի էժանացում եղավ: Սննդակարգում սա էական փոփոխության է հանգեցրել: 2015թ․-ին, 2016թ․-ին տավարի մսի սպառումը օրական միջին հաշվով կազմում էր 60-70գ․: Թանկացումից հետո կարմիր մսի սպառումը, նախնական տվյալներով, նվազել է 45-50%-ով», - տվյալները ներկայացրեց կենտրոնի ղեկավարը:

Տավարի մսի փոխարեն քաղաքացիները սկսկել են հավի միս ավելի շատ գնել. «Եթե 2015թ․-ին միջին հաշվով օրական 40-45գ․ սպիտակ միս էին օգտագործում, ապա նախնական տվյալներով, նախորդ տարի սպառումը կազմել է 100գ․ կամ 250%: Այսինքն, մարդիկ կարմիր միսը փոխարինել են սպիտակ մսով։ Եթե նախկինում մարդկանց մեծ մասը կարտոֆիլը ջեռոց դնում էին խոզի մսի հետ, հիմա հավի մսով են դնում», - նկատում է նա:

Հավի մսի պահանջարկի մեծացումն անվտանգության առումով ռիսկեր է պարունակում: Վերջերս էր, որ հավի մսում հակաբիոտիկներ հայտնաբերեցին:

«Եթե մարդը սկսել է 2.5 անգամ ավելի շատ հավի միս ուտել, ապա այդ չափով ավելացել է նաև անտիբիոտիկի ռիսկը: Այս պարագայում պետք է ուժեղացվի վերահսկողությունը, պետք է մշտապես հետևեն անվտանգությանը, զգոն լինեն, ուսումնասիրեն՝ արտադրողներն օգտագործո՞ւմ են արդյոք աճի խթանիչներ կերի մեջ», - նշում է նա:

Սննդագետի խոսքով, օրական 50 և ավելի գրամ սպառում ունեցող մթերքների ռիսկի գնահատում պետք է իրականացվի: Հայաստանին բնորոշ է մթերքների թռիչքային սպառումը: Օրինակ, ամռան ամիսներին սննդակարգի առաջին տեղերում են ձմերուկը, լոլիկը, վարունգը, տարբեր մրգեր, իսկ ձմռան ամիսներին դրանց օգտագործումը կտրուկ նվազում է, առաջին հորիզոնականներ են գալիս ալրային հենքով պատրաստված թխվածքները, շոկոլադը, հատիկեղենը: Նման տատանումներից խուսափելու համար սննդագետը խորհուրդ է տալիս մշակել ու կիրառել իրատեսական գին հասկացությունը: Նա համոզված է՝ եթե լոլիկի մեկ կգ-ն արժենա 500 դրամ, ապա գնողներ շատ կլինեն: Նկատենք, որ հայաստանյան շուկայում այսօր մեկ կգ լոլիկի, վարունգի գները 1000-1500 դրամ են, հետևաբար անհասանելի շատերի համար: Սննդագետի հաշվարկով, հայաստանյան շուկայում միրգն ու թարմ բանջարեղենն ավելի թանկ են, քան եվրոպական երկրներում:

«Այսօր ամբողջ աշխարհը մարդկանց խորհուրդ է տալիս օրական 5-10 չափաբաժին միրգ-բանջարեղեն ուտել, Հայաստանում հաշվեք, տեսեք ինչ գին է ստացվում», - հայտնում է սննդագետը։

Ընդհանրապես, սննդագետի խոսքով այս ոլորտում պետական միասնական քաղաքականություն պետք է իրականացվի, եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանն ուղղված քաղաքականությունն իրականացվում է այնպես, որ երկրում զարգանա գյուղատնտեսությունը, գյուղական համայնքը:

«Հայաստանում փաստացի կարող է լինել մի իրավիճակ, երբ մի գյուղի մանկապարտեզին մատակարարում են ներկրված կաթի փոշուց պատրաստված մթերք, այն պարագայում, երբ գյուղական այդ համայնքն ունի կաթի արտադրություն: Սա իհարկե պարադոքս է, սա նշանակում է, որ ագրարային քաղաքականության ոլորտի պատասխանատուները առնվազն այդ մասնագիտության տենդենցներից հեռու են», - կարծիք է հայտնում նա: