Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով տոնական ու նախատոնական օրերին մաքսային ծառայության ու առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին՝ նշեց.

«Նախորդ նիստին ՊԵԿ-ին հանձնարարական էր տրվել, առաջարկվել էր Կենտրոնական բանկին՝ բոլոր մաքսատներում ու առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը, շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն: Անհրաժեշտ է բոլոր մաքսատներում, ինչպես նաև սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ միաժամանակ՝ պետք է ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարաման հնարավորությունը։

Վարչապետը, դիմելով ԿԲ նախագահին՝ ասաց. «Պարոն Ջավադյան, ո՞նց եք նայում»:

Վերջինս նշեց՝ պետք է բանկերի հետ խոսել, նախկինում էլ նման պրակտիկա եղել է և ընդգծեց, որ եթե դրա կարիքը լինի, անպայման կաշխատեն այդ ուղղությամբ։

«Կարիքն անպայման կլինի: Ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ հաճախորդը որևիցե պրոբլեմ չզգա», - ասաց Կ. Կարապետյանը։