Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2007թ․-ից, Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը: Այս մասին հայտնել են մրցույթի կազմակերպիչները, փոխանցում է panorama.am-ը։

Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30 ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:

Փառատոնի հիմքը հանդիսացող կազմակերպություններն են՝

- ՀՀ Մշակույթի նախարարությունը,

- Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան),

- Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան),

- «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:

2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից շուրջ 3100 անհատ կատարողներ և համույթներ: Մասնակիցները ներկայացնում են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա Լեհաստան, Իրան և այլն:

Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր, երգչախմբեր, պարարվեստ և կերպարվեստ:

Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: