ՀՀ Կառավարությունը այսօր՝ մարտի 22-ն հաստատեց «Հանրակրթության մասին օրենքի» պահանջներին չհամապատասխանող մանկավարժների աշխատանքի վերջնաժամկետի երկարացման մասին առաջարկը: Նախագիծը ներկայացրել էր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Փոխանցում է news.am-ը։

Փոփոխությունները ենթադրում են, որ ուսումնական հաստատություններում աշխատող «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կարող են իրենց գործունեությունը շարունակել մինչև 2023թ․-ի օգոստոսի 20-ը՝ ներկայումս սահմանված 2018թ․-ի օգոստոսի 20 ժամկետի փոխարեն:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի դպրոցներում աշխատում է միջին մասնագիտական կրթությամբ գրեթե 3 հազար մանկավարժ, ովքեր, սակայն կրթական աշխատանքում մեծ ավանդ և արժեքավոր փորձ ունեն»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ նրանց աշխատանքի ժամկետը 5 տարով երկարացնելը ուսուցիչներին հնարավորություն կտա վերապատրաստում անցնել և բարձրագույն կրթություն ստանալ:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ուսուցիչներին ներկայացվող պահանջները, որոնց համաձայն՝ ուսումնական հաստատության մանկավարժ կարող է լինել համապատասխան մանկավարժական որակավորում ստացած կամ բարձրագույն կրթություն ունեցող անձը: