Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ելույթ ունենալով ներկաների առջև, անդրադարձել է հայ ժողովրդի համար 1988թ. տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, խոսեց վերածնվելու և ապաքինվելու նրա անկոտրում կամքի մասին՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք այդ դժվարին օրերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

Այնուհետև արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են խոնարհել հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը:

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում ևս  տեղի է ունեցել հիշատակի արարողություն։ Ելույթով հանդես են եկել ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցներին, աղետի գոտում իրականացվող սոցիալ-տնտեսական աշխատանքներին:

Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում ցուցադրվել է ֆիլմ Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ: