Կորեայի բնակչությունը սթրեսի մեջ է՝ երկրում տարածված թունավոր ծխամշուշի հետևանքում։ Կորեայի Հանրապետության կառավարությունը մարտի 26-ին հակազդման միջոցներ է ձեռնարկել մթնոլորտում վտանգավոր միկրոմասնիկների՝ փոշու, մոխրի, մրի, ինչպես նաև սուլֆատների, նիտրատների մասնիկների խառնուրդների խտության բարձրացման պատճառով:

Երկրի շատ տարածաշրջաններում իշխանությունները թունավոր ծխամշուշի դեմ պայքարի համար սահմանափակել են ավտոմոբիլային երթևեկությունը, փակել են հասարակական կայանատեղերը, կրճատել են օդն աղտոտող ձեռնարկությունների աշխատանքի ժամերը: Սեուլի փողոցներ են հանվել առկա բոլոր ջրցան ավտոմեքենաները:

Այդ թունավոր մասնիկների ներշնչումը կարող է բերել աչքերի, քթի, կոկորդի կամ թոքերի գրգռում, ինչպես նաև առաջացնել հազ, հարբուխ և շնչահեղձության նոպա: Շրջակա միջավայրի ուսումնասիրման ազգային կենտրոնը նշում է, որ PM2.5 մասնակների խտության բարձրացման պատճառն անտիցիկլոնն է, որը մեծ քանակությամբ աղտոտող նյութեր է բերել Չինաստանից: