Լեհաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման մասին։ Այս մասին հայտնել է Ռիանովոստի-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեսպանները կանչվել են Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարություններ:

ԵՄ մի շարք երկրներ դիտարկում են ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման կամ ՌԴ-ից իրենց դիվանագետներին հետ կանչելու հարցը, որը կապված է Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործի հետ: 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006թ․-ին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010թ․-ին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: