Մարտի 29-ից 31-ը Երևանում կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Փոխանցում է tert.am-ը։

Ցուցահանդեսը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը և միջազգային գործընկերոջ հետ հարաբերությունների խորացմանը, նոր կապերի ստեղծմանը: Զուգահեռ մի շարք միջոցառումներ ևս կանցկացվեն, որոնց թվում` հայ-ռուսական կոնֆերանս` ոլորտի պատասխանատուների և բիզնեսի մասնակցությամբ: Տեղի կունենա նաև ՊՆ գիտական և գիտատեխնիկական կոնֆերանս:

Միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն 14 երկրներից 30 ընկերություններ: «Մեծ քանակությամբ ընկերություններ տաղավարներով չեն մասնակցելու, բայց ակտիվ կմասնակցեն գործարար ծրագրերին»,-ասաց Փախչանյանը և հավելեց, որ 10 երկրներից պետական բարձր մակարդակով պատվիրակություններ կժամանեն Երևան: