Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է էկրան, որի վրա արտապատկերվում է Հայաստանի և հարևանների տարածքում օդային իրադրությունն իրական ժամանակում`տարբեր կայաններից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում: Էկրանի վրա կանաչ կետերով պատկերվում են թռչող օբյեկտները` քաղաքացիական, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ընդհուպ մինչև անօդաչու թռչող սարքեր, կապույտներով և կարմիրներով` օդանավակայանները: «Գալակտիկա» համակարգը ներկայացված է «Երևան էքսպո» ցուցահանդեսային սրահում, որտեղ մարտի 29-31-ը անցկացվում է Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված են 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ:

«Գալակտիկայի» միջոցով մենք հնարավորություն ենք ստանում տիրապետելու օդային իրադրությանն ու գնահատելու, թե տվյալ պահին որտեղ ու ինչ նշանակետեր կան, որ ուղղություններով են դրանք շարժվում: Այստեղից ստացված տեղեկությունն ազդարարվում է հակաօդային պաշտպանությամբ զբաղվող բոլոր զորամասերին և արտապատկերվում բոլորի մոտ պլանշետների վրա, որպեսզի տեղի հերթապահներն ամբողջությամբ տիրապետեն օդային իրադրությանը»,- նշել է ռադիոլոկացիոն վաշտի հրամանատար Արամ Սարդարյանը՝ լրագրողի հետ զրույցում։ Փոխանցում է«Արմենպրես»-ը։

Արամ Սարդարյանը հավելել է. «Գոյություն ունեն հատուկ սահմանված հեռավորություններ, որից ավելի, եթե մոտենում է չհայտավորված նշանակետը, բոլոր հերթապահ ուժերին բերում ենք բարձր պատրաստվածության, որ կարողանան հետևել տվյալ նշանակետին: Նշանակետերի մեծ մասն ի սկզբանե հայտավորված է լինում. դրանք քաղաքացիական ինքնաթիռներ են, ուսումնական թռիչքներ իրականացնող օդային օբյեկտներ, որոնց շարժվելու հետագծի վերաբերյալ մենք տեղեկացված ենք»:

«Գալակտիկա»-ն մշակած՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ծրագրավորող Սարգիս Հայրապետյանի խոսքով` համակարգն իրականացնում է 24-ժամյա հերթապահություն և իրենք մշտապես աշխատում են դրա կատարելագործման ուղղությամբ: