ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին չի բավարարել ամանորյա տոների կրճատման վերաբերյալ օրինագծի շուրջ կառավարության ներկայացուցչի փաստարկները և ներկայացված հիմնավորումները։ Օրինագիծը ուղարկվել է լրամշակման։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Ապրիլի 3-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել։ Համաձայն կառավարության կողմից նախաձեռնած օրինագծի՝ առաջարկվում է չեղարկել նախածննդյան տոները՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը հայտարարելով աշխատանքային օրեր։

Օրինագիծը պատգամավորների քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, իսկ այս օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ Փոխնախարարի ելույթը և ներկայացված հիմնավորումները հաստատուն չէին և կասկածանքի տեղիք տվեցին։ Եվ ի պատասխան Ավետիսյանի հիմնավորման որոշ պատգամավորներ նշեցին, որ այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ ոչ մի կապ չունեն:

Այդպիսով մշտական հանձնաժողովը առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը և կրկին քննարկել դրա լրամշակումից հետո։