Հայաստանի որոշ մարզերում այս գիշեր ցրտահարություն է սպասվում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունն ամեն դեպքում իր պարտականությունն է համարում ևս մեկ անգամ նախազգուշացնել, հորդորել և խորհուրդներ տալ։ Տեղեկությունը փոխանցում է Պանորամա-ն։

«Մենք փորձելու ենք գիշերն էլ օպերատիվ ապահովել, լինել տեղերում, մարդկանց հետ աշխատել։ Այնտեղ, որտեղ սպասվում է ցրտահարման վտանգ, ոռոգումն այս պահին սկսվել է, ջուր տրվել է, զուգահեռ փորձում են ավելացնել ջրաքանակները, որ մարդիկ կարողանան հավելյալ ջուր վերցնել։ Հիդրոմետ ծառայության տված օպերատիվ տեղեկատվությամբ՝ ցրտահարությունը լինելու է հողի մակերևույթին 20 սմ բարձրությամբ, ուստի կարող ենք հուսալ, որ պտղատուների, խաղողի տարածքների հետ կապված խնդիրներ չեն լինելու»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց՝ նախարարությունը հորդորել է, որ այն տարածքները, բանջարանոցները, որտեղ սածիլացում է կատարվել, հիմնականում փորձեն ծածկոցներով ապահովել, ինչպես նաև ծխակույտեր պատրաստել, որ կարողանան պայքարել։ Կարտոֆիլը, որ դուրս է եկել, կարող է մինչև -3, -4 –ի դիմանալ, ուստի այնքան էլ վնասներ չեն լինի, որովհետև դեռ ընդամենը որոշ տերևներ պիտի դուրս եկած լինեն, հիմնական մասը դեռ հողի մեջ է, բայց եղածն էլ պաշտպանելու համար կարող են հողի ծածկոց, ծուխ և այլ միջոցներ ապահովել։ Ցրտահարության սպառնալիքը կարող է լինել նաև վաղ հատվածում կատարած սածիլների դեպքում՝ լոլիկի, պղպեղի, բադրիջանի, այս դեպքում էլ, փոխնախարարի խոսքով, մարդիկ դրանք հիմնականում թաղանթի տակ են պահել։

Ցրտահարության վտանգը կա հիմնականում Արարատյան հարթավայրում, Վայոց ձորի ցածրադիր մասում՝ նախալեռներում, Արագածոտնի նախալեռնային հատվածում և Տավուշի մարզում, բայց ամեն դեպքում պետք է, ելնելով դիրքից, ռելիեֆից, լույսի դիմադրողականությունից, բոլոր պրոֆիլակտիկ ագրոտեխնիկական միջոցները ձեռնարկել, որ խուսափեն ցրտահարությունից։