Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանների ուղղությամբ ադրբեջանական կողմից խախտումները վերջին մեկ տարում նվազել են: Այս մասին հայտնել է գյուղապետ Նարեկ Սահակյանը՝ նվազումը կապելով հայկական կողմի աշխատանքների կատարելագործմամբ: Փոխանում է «Արմենպրես»-ը։

«2014-2017թթ. սահմանին իրավիճակը լարված էր: 2017թ․-ին հակառակորդի կողմից սահմանային խախտումներ ավելի քիչ են եղել, քան 2016թ․-ին: Այս տարի գյուղի ուղղությամբ մի քանի կրակոցի դեպքեր են եղել: Վերջին մեկ տարում Բաղանիսում սահմանային խախտումները նվազել են: Պատճառն այն է, որ ինժեներական աշխատանքներով մենք ավելի ենք ամրապնդել մեր դիրքերը, ավելի զգոն ենք կազմակերպում ծառայությունը»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ 2016թ․-ի ապրիլից հետո ի հայտ եկած բոլոր բացթողումները վերացվել են: Հիմա յուրաքանչյուրն իր գործին շատ ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերում: Նախորդ տարի ընդամենը մեկ ընտանիք է հեռացել Բաղանիսից, իսկ 2018թ․-ին գյուղից ընտանիք չի հեռացել:

Բաղանիսը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերից է: Բաղանիսը ներկայում փաստացի ունի 830 բնակիչ: