Հայաստանում ծխախոտի արտադրությունը 2018թ․-ի հունվար-փետրվար ամիսներին, 2017թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63.5%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2018թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել 5062.4 մլն հատ սիգարետ, իսկ 2017թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 3096.4 մլն հատ: Աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 17.1%:

Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում։ Արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը և վաճառքը որոշակի հստակ վայրերում: