ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսած 2017թ․-ից, ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով հեռահաղորդակցության ընկերությունները միավորող միջազգային GSMA կառույցի հետ, որին անդամակցում է հեռահաղորդակցության 1200 ընկերություն:

Աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25-ը մայիսի 2017թ. թիվ 572-Ն որոշումը: Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանում ներդնել բջջային էլեկտրոնային ստորագրության՝ համաշխարհային ասպարեզում առկա ամենանորարարական ու անվտանգ լուծումները՝ ապահովելով ՀՀ կառավարության սահմանած, իչպես նաև միջազգային տեխնիկական պահանջներն ու անվտանգության նորմերը:

Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում «Mobile Connect» միջազգային ստանդարտն է՝ հավաստագրված GSMA կազմակերպության կողմից: Այն թույլ է տալիս իրականացնել հաճախորդների ինքնության նույնականացում և վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման թույլտվություն, ինչպես նաև՝ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն: Բջջային հեռախոսն ամենահարմարավետնը և ամենաարագ միջոցն է՝ էլեկտրոնային ստորագրության համակարգից օգտվելու համար՝ թե՛ անձնական PIN գաղտնաբառի կիրառմամբ գործողությունը հաստատելու, և թե՛ կենսաչափական տվյալները օգտագործելու տեսանկյունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման ամբողջական փորձարկման և այլ համակարգերի հետ այն ինտեգրելու աշխատանքները: Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակով՝ բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման և բջջային էլեկտրոնային ստորագրության մասով:

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռևս 2015թ. ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, որի պահանջներին համապատասխան ստանձնել է պարտավորություն ապահովելու բաժանորդների անձնական տվյալների փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների, գաղտնիությունն ու ամբողջականությունը: