Հունաստանը ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանում տեղակայված իր զորախումբը: Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը: Փոխանցում է Ռիա Նովոստի-ն։

Մոտ օրերս Էգեյան ծովի կղզիներ կուղարկվի 3,5 հազար մարդ և նույնքան էլ՝ Էվրոս: Նախարարի խոսքով՝ այդ որոշումը կապված է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման հետ: Նա նշել է, որ Հունաստանը պատրաստ է դիմակայել յուրաքանչյուր սպառնալիքի:

«Մենք ապավինում ենք մեր սեփական ուժերին, մենք օգնություն չենք սպասում դաշնակիցներից կամ բարեկամներից։ Չնայած ճգնաժամին և զինված ուժերի բյուջեի կրճատմանը, ամեն ինչ արված է զինծառայողների պատրաստման և ուսուցման համար։ Մենք մեր երկու զինծառայողներին դուրս կբերենք այնտեղից: Դա մեր նպատակն է ու մեր պարտքը»,-ասել է նախարարը։

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են մարտի սկզբին, երբ Թուրքիան Էվրոսի շրջանում կալանքի տակ վերցրեց երկու հույն զինծառայողների: Աթենքում հայտարարել են, որ հույն զինվորները այլ երկրի տարածք են մտել սխալմամբ՝ վատ եղանակի պատճառով: