Հայկական Renderforest ընկերությունը նախաձեռնությամբ ստեղծվել է «Թվային արվեստ» գիրքը: Այս նախաձեռնությունն ուղղված է լրացնելու հայալեզու մասնագիտական գրականության պակասը։ Գիրքը նախատեսված է թվային ոլորտի աշխատակիցների համար, որի շնորհիվ նրանք կարող են բարելավել իրենց գիտելիքները գրաֆիկական դիզայնում, խորացնել մասնագիտական հմտություններն անիմացիայի և շարժվող գրաֆիկայի մեջ։ «Թվային արվեստ» գիրքը վաճառքի ենթակա չէ, շահույթ չի հետապնդում և անվճար տրամադրվելու է ուսումնական հաստատություններին։

Գրքի տեսական հատվածը թարգամանություն է աշխարհահռչակ դիզայներների բլոգներից և Tubikstudio.com կայքից: Գրքում՝ որպես օրինակ, ներկայացված է հայկական ընկերության օրինակը, հաջողության պատմությունը:Գրքում ներառված են 2017թ․-ի բոլոր տրենդները:

«Քանի որ հայալեզու մասնագիտական գրականություն գտնելը Հայաստանում մեծ խնդիր է, ու, եթե գիրքն էլ վերաբերում է ՏՏ ոլորտին, ապա այդ խնդիրը եռապատկվում է»,- նշել է Renderforest-ի ներկայացուցիչ Անի Յազիչյանը լրագրողի հետ զրույցում: Փոխանցում է 168․am-ը։

Գիրքը տպագրված է 1000 օրինակով և անվճար տրամադրվելու է ուսումնական հաստատություներին, դիզայներներին, իլյուստրատորներին: Գրքի շնորհանդեսին ներկա են եղել իլյուստրատորներ տարբեր ընկերություններից: Անի Յազիչյանը նշում է, որ միջոցառման նպատակներից մեկն էլ բոլորին մի տեղ հավաքելն էր, որ և՛ իրենք ճանաչեին միմյանց, և՛ փորձի փոխանակում, հարց ու պատասխան լիներ:

Սա ընկերության կողմից կազմակերպված առաջին միջոցառումը չէ:

«Միջոցառումը՝ շարքից երկրորդն է: Մարտի 28-ին էլ քաղաքի ծրագրավորողներին էինք հրավիրել վորքշոփի, հետո դիզայնը, հաջորդ իվենթը մարքետինգին է վերաբերելու: Նպատակը հարթակ ստեղծելն է, որտեղ նույն ոլորտի մասնագետները նախ՝ կճանաչեն իրար, քննարկումների շնորհիվ կզարգացնեն հմտությունները: Ուզում ենք, որ Հայաստանում էլ ուսանողները լինեն այնքան մոտիվացված, որքան դրսում են, հստակ իմանան, որ լավ մասնագետը միշտ էլ պահանջարկ ունի»:

Հիշեցնենք, որ Ռենդերֆորեսթն առցանց վիդեոստեղծման պլատֆորմ է, որի շնորհիվ կարելի է ստեղծել հեռարձակման որակին համապատասխան տեսահոլովակներ: Կայքն անվճար է օգտագործման համար, սակայն առաջարկում է վճարովի հավելումներ: Ռենդերֆորեսթի միջոցով կարելի է ստեղծել բացատրողական անիմացիաներ, կորպորատիվ պրեզենտացիաներ, գովազդային հոլովակներ, անիմացիաներ և այլն: