Apple ընկերությունն ապրիլի 9-ին ներկայացրել է նորույթներ՝ վառ կարմիր գույնի iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը Product Red բարեգործական արշավի շրջանակներում, որն ուղղված է հանգանակությանը մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) բուժմանը: Նորույթի պատվերը հնարավոր կլինի ձևակերպել արդեն ապրիլին 10-ից, ինչի մասին հայտնել է սմարթֆոններ արտադրողը։

Նորույթն ունի վառ կարմիր ալյումինե կորպուս՝ սմարթֆոնի առջևի պանելի սև ապակյա մակերևույթով: 699 դոլար մեկնարկային գնով 64GB հիշողության ծավալով նորույթներն առցանց և խանութներում վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, մայրցամաքային Չինաստանում և Հոնկոնգում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում ապրիլի 13-ից: Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում դրանք կլինեն ապրիլին և մայիսին: