ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը այցելել են «Սպայկա» ընկերություն, որտեղ տեղի է ունեցել ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության բացումը: Այս մասին հայտնում է news.am-ը։

Գյուղնախարարությունից հայտնում են, որ ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խոնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալները կրկնապատկվել են: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է այս տարի մեկնարկել փոքր ջերմոցների լիզինգի ծրագիր, որը թույլ կտա ընտանեկան փոքր տնտեսություններ հիմնել՝ ապահովելով բարձր եկամուտներ: «Սպայկա» ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաև Եվրամիության երկրներ։

«Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը տարածաշրջանում՝ զինված ժամանակակից տեխնոլոգիաներով: Արմավիրի մարզում առաջիկայում ընկերությունը նախատեսում է հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ, ընդլայնվում են բողկի արտադրության ծավալները, Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում կառուցվում է լոգիստիկ կենտրոն, որտեղ կլինի բողկի վերամշակման արտադրամաս: