2018-ի ապրիլի 12-ին Տավուշի Այգեձոր գյուղի երեք բնակիչ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքերի միջանկյալ տարածքում ականի պայթյունից վնասվածք են ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մտել մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք։

Բնակիչներից մեկն ստացել է աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։