Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ կկայանա 2 միջազգային «In Tour Expo» և «SportWay» ցուցահանդեսները:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաև սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

«InTour Expo» ցուցահանդեսը 5 տարի շարունակ լավագույն վայրն է տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների և սպառողների շփման համար: Ցուցահանդեսը նաև հարթակ է, որտեղ մասնավոր սեկտորը կարող է շփվել պետական հատվածի ներկայացուցիչների հետ ու քննարկել ոլորտին առնչվող խնդիրներ: Այստեղ բացահայտվում են լավագույն տուրիստական առաջարկները՝ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, տուրեր և այլն:

«InTour Expo» ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից և այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի և հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիևը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը և հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

«SportWay» ցուցահանդեսի ընթացքում գործելու են ակտուալ սպորտային առաջարկներ՝ մարզական ինչ ակումբ հաճախել, ինչ առողջ սնունդ օգտագործել և այլն: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Օլիմպիական չեմպիոններ, հայտնի մարզիկներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի հատուկ հյուրն է լինելու հայտնի բլոգեր, ճանապարհորդ, Ալեքսանդր Լապշինը: