Չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 ՀԿՌՀ-ները շարունակում են մատակարարվել Ադրբեջանին՝ Սլովակիայի և Իսրայելի միջոցով: Այս մասին ապրիլի 16-ին հայտնում են չեխական լրատվամիջոցները: Փոխանցում է Razm.info-ն։ Չեխ լրագրողները հաստատել են, որ Ադրբեջանին չեխական սպառազինության ակտիվ մատակարարումները շարունակվում են:

Ադրբեջանում չեխական հրետանային համակարգեր հայտնվելուց հետո Razm.info-ի փորձագետները հետևել են ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռների թռիչքներին:

Միջազգային FlightRadar24 ծառայության միջոցով հաջողվել է պարզել, որ առնվազն 2018թ․-ի մարտի վերջից այդ ինքնաթիռների միջոցով պարբերաբար կատարվել են չվերթներ Բաքու - Օստրավա (Չեխիա) - Թել Ավիվ - Բրատիսլավա (Սլովակիա) - Թել Ավիվ - Բաքու ուղղություններով: Կատարվում են չվերթներ նաև Բաքու - Օվդա - Բաքու ուղղությամբ: Ենթադրվել է, որ ինքնաթիռներով Ադրբեջանի համար նոր սպառազինություն է տեղափոխվում:

Չեխ լրագրողները կապ են հաստատել սլովակյան MSM ընկերության աշխատակիցներից մեկի հետ, ով (անունը չի հրապարակվում) պատմել է, որ Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարան են տեղափոխվում հին հաուբիցներ, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան: Բրատիսլավայից Ադրբեջան փոխադրումները ապահովում է ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերությունը:

Աղբյուրը նշում է նաև, որ հաուբիցների վրա տեղադրվում են կապի և նավիգացիայի իսրայելական միջոցներ: MSM ընկերության գործարանում աշխատող աղբյուրը հայտնել է նաև, որ այս տարի պայմանագրով նախատեսվում է 18 միավոր հաուբիցի և 15 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարում Ադրբեջանին: Նույնքան տեխնիկա պետք է Ադրբեջանին մատակարարվի նաև հաջորդ տարի: Նշենք նաև, որ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) տվյալներով Ադրբեջանը 2017թ․-ին պատվիրված 36 միավոր «Դանա» հաուբիցներից ստացել է 18-ը, իսկ պատվիրված 10 միավոր RM-70 ՀԿՌՀ-ներից 10-ը:

Չեխ լրագրողները կապ են հաստատել նաև MSM ընկերության մարքեթինգի տնօրեն Լյուսի Օլլեի հետ, ով հաստատել է Իսրայելին «Դանա» հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների մատակարարումը, սակայն հերքել է իրենց կապը դեպի Ադրբեջան մատակարարումների հետ:

Հիշեցնենք, որ «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 ՀԿՌՀ-ները Ադրբեջանում ցուցադրվել են 2017թ․-ի սեպտեմբերին: Դեռ այն ժամանակ ենթադրվում էր, որ չեխական արտադրության տեխնիկան հնարավոր էր Ադրբեջանում հայտվեր Իսրայելի միջոցով: