Հայկական շուկայում ադրբեջանական խնձորների մեծ խմբաքանակի հայտնաբերումից հետո հազիվ թե արժի զարմանալ ադրբեջանական կոնֆետների առկայությամբ։ Նման կարծիք է հայտնել պարենային անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը:

«Այս տարի ապրիլին, եթե չեմ սխալվում, ադրբեջանական խնձորների ներկրման դեպքեր էին գրանցվել, դրանից հետո զարմանալ կոնֆետի պատճառով նույնիսկ տարօրինակ է։ Մեր երկիրը այս տարի ապացուցել է, որ սահմանային պետական վերահսկողությունը խոցելի է։ Խոցելի է, որովհետև նորմալ վերահսկողության համար կոռուպցիոն ռիսկերը պետք է զրոյի հասցնել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս «Առավոտ» օրաթերթի լրագրողը հաղորդել էր, որ Երևանի խանութներից մեկից գնել էր ադրբեջանական կոնֆետ: Կոնֆետների պիտակի վրա գրված էր եղել, որ դրանք արտադրվել են «Շիրին» ընկերության կողմից, հասցեն՝ Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան:

Դրանից անմիջապես հետո սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ այն խանութում, որի մասին հայտնել է լրագրողը, ադրբեջանական կոնֆետ չի գտել։

Ծառայությունը նշել է նաև, որ ադրբեջանական մթերքներ Հայաստան չեն ներկրվում: Խախտումներ նկատելու դեպքում սպառողները կարող են զանգահարել թեժ գիծ՝ 010 20 60 40 հեռախոսահամարով։