Թուրքիան 10 մլն ամերիկյան դոլար կտրամադրի Պաղեստինին սոցիալական և տնտեսական զարգացման համար: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարության պաշտոնական «Resmi Gazete» թերթը:

Ֆինանսական աջակցությունը ուղղված է լինելու Պաղեստիի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հրատապ ծախսերը փակելուն, բյուջեի ֆինանսավորմանը, Գազայի հատվածի պահանջների բավարարմանը: Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Վերջինս նշել է, որ Պետդեպարտամենտին հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է այդ որոշումը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի քննադատությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և մի շարք այլ մահմեդական երկրների իշխանությունները:

Միացյալ Նահանգների կոնգրեսը դեռևս 1995 թ-ին ընդունել է օրենք՝ Իսրայելում դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն քաղաքի վիճարկային կարգավիճակի և արաբամահմեդական աշխարհի համար այդ խնդրի զգայունության պատճառով ամերիկյան բոլոր նախագահները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստորագրում են այդ որոշման իրականացումը հետաձգող փաստաթուղթ: Իսրայելը Երուսաղեմը հայտարարել է որպես իր «միասնական և անբաժան» մայրաքաղաք՝ այդ թվում նրա արևելյան շրջաններն ու պատմական կենտրոնը՝ դեռևս կես դար առաջ Հորդանանից խլված և հետագայում անեքսիայի էր ենթարկված: Աշխարհը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է մերձ-արևելյան հակամարտության հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի պաղեստինցիների հետ համաձայնության ճանապարհով, ովքեր հավակնում են Երուսաղեմի արևելյան մասին: Այդ առնչությամբ բոլոր օտարերկրյա դեսպանությունները տեղակայված են Թել-Ավիվում: