Մայիսի 2-ին Էստոնիայում սկսվել են 15 հազար զինծառայողի մասնակցությամբ Siil միջազգային զորավարժությունները։

Ինչպես նշվում է Էստոնիայի պաշտպանության ուժերի հաղորդագրությունում, զորավարժությունները մայիսի 2-14 անց են կացվելու պետության ողջ տարածքում, ինչպես նաև Լատվիայի հյուսիսում։ Զորավարժությունների հիմնական խնդիրը տարածքային պաշտպանության մշակումն է ինչպես ավանդական պայմաններում, այնպես էլ հիբրիդային պատերազմի պայմաններում։

Զորավարժությունները կդառնան ամենախոշորը երկրի անկախության վերականգնման պահից ի վեր։ Դրանց կմասնակցեն 15 պետություններից՝ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Դանիայից, Իռլանդիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից մոտ 2 հազար զինծառայող։

Զինծառայողներից բացի զորավարժություններին մասնակցելու են աշխարհազորայինների մարտիկներ, ոստիկաններ և փրկարարներ։