Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կմնան Սիրիայում՝ ահաբեկչության ոչնչացումն ավարտին հասցնելու համար: Փոխանցում է «Սե Նյուս» հեռուստակայանը:

«Առաջնահերթությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումն է, այդ նպատակով էլ մենք կմնանք Սիրիայում, չեմ պատկերացնում, որ առանց ԱՄՆ-ի հաջողվի պարտության մատնել «Իսլամական պետությանը», մնացածը՝ քաղաքական բնույթի հարցեր են», - ասել է Լեկուանտրը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Միացյալ Նահանգների գլխավորած արևմտյան դաշինքի կազմում ռազմական գործողություններ է վարում Սիրիայում: Դաշինքը 2014թ․-ից ներքաշվել է Սիրիայի պատերազմի մեջ: Ֆրանսիան առաջին անգամ Սիրիայում հարվածներ է հասցրել 2015թ․-ին: Տարածաշրջանի տարբեր ռազմական օդակայաններում Ֆրանսիան տեղակայել է մոտ 40 ինքնաթիռ:

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբը վերջերս հայտնել է, որ օդային գրոհներից բացի, Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ են իրականացնում նաև հատուկ նշանակության ջոկատները: Գլխավոր շտաբը զինծառայողների թիվը չի հրապարակել: