ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման վերաբերյալ նախագիծը:

Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

«Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը ՀՀ-ում»,- ասված է նախագծում:

Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: