ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Independent-ի հետ հարցազրույցում հայտնել է․

«Հայաստանում վերջին իրադարձությունների ընթացքում ես արել եմ որոշ բաներ, որոնք նախագահից սովորաբար չեն սպասում»։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ինքը գիտնական է, շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առումով․

«Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»։

Խոսելով միջնորդի իր դերի մասին՝ Սարգսյանը նշել է, որ դա բավականին բարդ էր, սակայն անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։

Հիշեցնենք, որ Սարգսյանը անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում ցույցերից մեկի ժամանակ, որտեղ զրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի և նրա գործընկերների կալանքը իրադարձությունների այն զարգացումը չէր, որը ինքն կարող էր ողջունել։ Հենց դրանից հետո նա հրավիրել է Սերժ Սարգսյանի և պաշտոնատար անձանց հետ հանդիպումը․

«Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել», - հայտնել է նա։

Ապագա իրադարձությունների մասին խոսելով՝ Սարգսյանը ընդգծում է, որ մտադիր է իր դերը կատարել․

«Մենք բոլորս սովորում ենք, ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»

Սակայն, Սարգսյանը նաև շեշտել է, որ նոր ղեկավարությանը առջևում շատ խնդիրներ են սպասվում․

«Պարոն Փաշինյանը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր քաղաքական գործիչ՝ հանրային կարծիքի սուր զգայնությամբ։ Սակայն, կառավարության ղեկավարումը լրիվ այլ խնդիր է։ Նա պարտավոր կլինի պատասխանններ տալ բոլոր հարցերին, որոնք տվել է։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ չէ, որ նախկինում սև էր, և ամեն ինչ չէ, որ վաղը սպիտակ կլինի», - եզրափակել է նա։