Գերմանիան խիստ սահմանափակել է Թուրքիային վաճառվող զինատեսակների քանակը։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Այս պահանջով ավելի վաղ բազմիցս հանդես էին եկել Բունդեսթագի պատգամավորները։ Նրանք մտահոգություն էին հայտնել, որ Թուրքիային վաճառվող զինտեխնիկան օգտագործվում է Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի կողմից անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում։

Մարտի 14-ին Գերմանիայում Մերկելի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը խստորեն սահմանափակել է զենքի վաճառքը ռազմական ակտիվ գործողություններ կազմակերպող Թուրքիային և Սաուդյան Արաբիային։

Գերմանիայի Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ մարտի 14-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիան հաստատել է այս երկրներին միայն մեկական զինատեսակի վաճառքը։ Թուրքիայի դեպքում թույլատրված զենքի վաճառքի արժեքը կազմել է 1․926 եվրո, Սաուդյան Արաբիայի դեպքում՝ 28․563 եվրո։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Թուրքիային վաճառվել էր 3 մլն 300․000 եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինություն, իսկ Սաուդյան Արաբիային վաճառված զինամթերքի արժեքը կազմել էր 24 մլն 500․000 եվրո։