Մայիսի 11-ին գումարվել է կառավարության հերթական նիստը, որն առաջին անգամ վարել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում հաստատվել է «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախատեսվում է ՀՀ ՊՆ ենթակայությամբ ստեղծել Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ, որի նպատակն է լինելու ապահովել գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացումը և հայրենական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտաքին շուկաներում իրացնելու նախադրյալների ստեղծումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ռազմաարդյունաբերական համալիրն աշխատում է և դա անում է մասնավոր ընկերությունների հետ համագործակցված, և այս կառույցը ստեղծում են, որպեսզի դադարեցնե՞ն մասնավորի հետ համագործակցությունը, թե ծավալն այնքան մեծ է, որ պետք է նաև պետական համակարգում լինի նման կառույց:

Ի պատասխան Դավիթ Փախչանյանն ասել է.

«Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ, դա լինելու է իր հիմնական աշխատանքը: Մենք պետք է հասկանանք, թե այն, ինչ զորքերն ուզում են ունենալ, որն է ամենակարևոր խնդիրը, տեսնել աշխարհում ինչ է կատարվում, որ ուղղություններն են զարգացնելու համար կարևոր: Այն մեծ կառույց չի լինելու, այսինքն, ինստիտուտը չի լինելու փոխարինող, այլ լրացնող, քանի որ գիտահետազոտական աշխատանքների քանակն ավելանում է և հին ոճով աշխատելն ավելի բարդ է լինելու»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստորեն սրանով ուզում են ստեղծել ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները և կձևակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունեն: