Հայ երիտասարդները այսուհետ մեծ հնարավորություններ կունենան ճանաչելու գերմանական մշակույթը և կրթական փոխանակումներ իրականացնել։ Դեկտեմբերի 16-ին Երևանում բացվեց Գյոթեի անվան նոր մշակութային կենտրոն։

Նորաբաց կենտրոնը մեկ հարկի տակ կմիավորի գերմանական մշակութային նախաձեռնությունները, գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող գերմաներենի ուսուցման կենտրոնը՝ դասասենյակներով և հմուտ դասախոսներով։

Բացման արարողությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ շատ ուրախ է Երևանում Գյոթեի կենտրոնի բացման կապակցությամբ։

«Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մոտ ապագայում կյանքի կկոչենք նաև այդ կարևորագույն քայլը։ Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտն իր գործունեությամբ ապացուցում է, որ մշակույթը չի ճանաչում սահմաններ։ Աշխարհի 98 երկրում գործում է 159 Գյոթեի անվան ինստիտուտ, առկա են կենտրոններ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիա»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

Միջոցառմանը մասնակցելու համար Գերմանիայից Երևան է ժամանել Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը, ով առաջին անգամ Հայաստանում եղել է 2017 թվականի հունիսին։

«Կենտրոնի բացման բանակցությունների համար հիմք էր հանդիսանում Բունդեսթագի որոշումը, որով ֆինանսավորվում են Հայաստանում նման ծրագրերը։ Ասեմ, որ մեր ինստիտուտի նպատակն է ավելի հասանելի դարձնել Գերմանիայի մշակույթն ու լեզուն։ Նշեմ, որ Երևանում Այբ դպրոցը նույնպես գտնվում է ինստիտուտի հոգածության ներքո, իսկ մյուսը Ճամբարակում թիվ 1 միջնակարգ դպրոցը»,- ասաց Գյոթե ինստիտուտի նախագահը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ Գյոթեի կենտրոնի բացումը շատ սպասված էր։

Գյոթեի կենտրոնի բացման արարողությունն ուղեկցվեց նաև «Երևան, իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը և ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական և եվրոպական ազդեցությանը։