Մայիսի 18-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ԻՏՁՄ ներկայացուցիչները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Նշենք, որ «ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ․-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160-ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցական: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար: