2018 թ. մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվելու է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնը։

ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։

Նշենք, որ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ կապահովի գյուղերի՝ 3 տարեկանից բարձր 150.000 երիտասարդների և մեծահասակների համար։ ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ Արվեստի ստուդիայում նորարարական մոտեցումների զարգացման գործընկերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է, ասվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հաղորդագրության մեջ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացմանը ներկա կլինեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարները, աջակիցները, գործընկերները, Հայաստանի ղեկավարները, դեսպանները։

Նշենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 67.000 բնակիչները: