2017թ. սեպտեմբերին Մոսկվայում, ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ Եվրոպալատի Փոխկապակցված և Թղթակից անդամ երկրների հանդիպումը, ինչի շրջանակներում, ըստ կանոնակարգի, կայացավ նաև Եվրոպալատի խորհրդի անդամների 2018թ. ընտրությունների նախընտրական փուլը:

Վերոնշալ ընտրություններին հրավիրված էին մասնակցելու Եվրոպալատի բոլոր Փոխկապակցված և Թղթակից անդամները, այդ թվում՝ նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը: Նշենք, որ Եվրոպալատի խորհրդի անդամները, բացի Նախագահից և Փոխնախագահներից, ընտրվում են 1 տարի ժամկետով՝ վերընտրման իրավունքով:

Այս տարի 2018թ. նոր Խորհրդի ձևավորման ընտրություններին Եվրոպալատի Փոխկապակցված և Թղթակից անդամ 20 երկրներից (Փոխկապակցված անդամ են համարվում Եվրոպական այն երկրների համապատասխան իրավաբանական մարմինները, որոնք Եվրամիության կազմում չեն, իսկ Թղթակից անդամներն են՝ Ոչ-Եվրոպական երկրների իրավաբանական անձինք) մասնակցության հայտ էին ներկայացրել և իրենց թեկնածուներին առաջարկել 11 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Սերբիան, Բոսնիա-Հերցոգովինան, Բելառուսը, և այլն՝ ըստ կանոնակարգի՝ Փոխկապակցված և Թղթակից անդամ երկրների համար նախատեսված 4 տեղի համար: Արդյունքում, հաղթահարելով մրցակցությունը, Հայաստանի թեկնածուն՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) փոխնախագահ Հարություն Հայրապետյանն ընտրվեց՝ որպես Եվրոպալատի խորհրդի անդամ և, ըստ այդմ, Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԱՊ-ի, իր տեղը զբաղեցրեց վերը նշված 4 երկրների ցանկում, ինչը հաստատվեց հոկտեմբերի 27-ին՝ Բրյուսելում կայացած տարեկան ժողովի ժամանակ՝ վերջնական ընտրությունների ընթացքում:

Ըստ տարիներi վիճակագրության՝ կարևոր է փաստել, որ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատն իր հիմնադրման՝ 2002թ.-ից ի վեր, Եվրոպալատի ընտրություններում հաղթելու նախադեպ չի ունեցել և ՀՀ ներկայացրած թեկնածուի՝ Պալատի փոխնախագահ Հարություն Հայրապետյանի ընտրությունը Եվրոպալատի խորհրդի կազմում նշանակալից իրադարձություն է այն առումով, որ գալիք տարում նա կներկայացնի ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսական շահերը Եվրոպալատի ամենաբարձր հարթակներում՝ Պալատի համար ապահովելով հավասար իրավունքներ այնպիսի զարգացած երկրների կողքին, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Ռուսաստանի Դաշնությունը և այլն:

Եվրոպալատի խորհրդի կազմում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչի ներգրավումը կընձեռի նոր հնարավորություններ ավելի սերտորեն համագործակցելու Եվրոպալատի անդամ երկրների հետ, Եվրոպալատի հետ մեր արդեն իսկ կայացած համագործակցությունը տեղափոխելու նոր՝ ավելի բարձր մակարդակ՝ գործարար գիտելիքների և փորձի փոխանակման, առևտրատնտեսական նոր կապերի ստեղծման և ընդլայնման առումով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու և անմիջականորեն ներգրավված լինելու Հայաստանի տնտեսական զարգացման համար մեծ կարևորություն և խթանիչ ներուժ հանդիսացող Եվրամիության նոր ծրագրերին և նախագծերին: