Մայիսի 26-ին Հայաստանում առաջին անգամ կկայանա ակնաբուժության միջազգային համաժողովը՝ ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE-ը (AIOC) Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից և այլ երկրներից եկած մասնագետների մասնակցությամբ:

Երևանի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը լրագրողներին հայտնել է, որ այսպիսի մասշտաբի համաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում՝ ակնաբուժության ոլորտի վերջին տեղեկությունների ու առաջընթացի մասին մաստեր կլասով և դասախոսությամբ հանդես կգան աշխարհի ամենահայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ, նրանց ելույթները հետաքրքիր կլինեն նաև փորձառու մասնագետներին և սկսնակ ակնաբույժներին։

Արտաշես Զիլֆյանը նշել է, որ այս համաժողովը հրաշալի հնարավորություն է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, որոնք նրանք կարող են կիրառել իրենց պրակտիկայում։ Համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան պրոֆեսոր Վալերի Սերդյուկը (Ուկրաինա), ակադեմիկոս Իգոր Ազնաուրյանը (Ռուսաստան), գիտությունների թեկնածու Յանա Գերտներեն (Լատվիա), Վիկտորիա Բալասանյանը (Ռուսաստան), Կարեն Մազմանյանը (Ռուսաստան), Գեորգի Պետրիաշվիլին (Վրաստան), ինչպես նաև այլ հայտնի հայ մասնագետներ, որոնց թվում՝ Արմեն Շաքարյան, Ահարոն Գաբրիելյան, Թադևոս Հովհաննիսյան, ինքը՝ Արտաշես Զիլֆյանը և այլք։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցացիան։ Համաժողովի սկիզբը՝ մաիսի 26-ին, ժամը 09:00։ Անցկացման վայրը՝ Իբիս հյուրանոց։