Գյուղոլորտում միջազգային ընթացիկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերի հիմնական թիրախում եղել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: «Մենք ավելացրել ենք ՓՄՁ-ներին ուղղված ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, իսկ խոշոր ձեռնարկությունների համար միջավայրի բարելավում ապահովել, որպեսզի նրանք կարողանան ավելացնել ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում»։

Նա նշեց, որ աշխատում են ավանդական շուկաներ արտահանման ծավալներն ավելացնելու, ինպես նաև արտահանման աշխարհագրությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: «Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա մեր նպատակներից է խթանել առողջ ապրելակերպը և ավելացնել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների և կազմակերպությունների թիվը` օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով»,-հավելեց Հարությունյանը:

Արմեն Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ԵՄ-ի կողմից 10 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի 2018-2020 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում երկրորդային ոռոգման, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ու հողերի կոնսոլիդացման նպատակով: «Այս ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները նշված մարզերում կստանան ֆինանսական և տեխնիկական օժանդակություն: Առանձին բաղադրիչով նախատեսվում է նաև կոոպերատիվների զարգացման օժանդակություն»:

Միջազգային համագործակցության շրջանակում ծրագրերն ուղղված են եղել գյուղական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը, ֆինանսական միջոցների մատչելիության ապահովմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: