Սփյուռքահայ բժիշկները հետաքրքրված են Հայաստանում համակարգային փոփոխություններով և պատրաստակամ են հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով: Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանը:

«Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել Հայաստանում իրականացվելիք տարբեր նախագծեր, ծրագրեր, ուստի կարիք կա դրանք համատեղ համակարգելու: Այս հարցում ակնկալում ենք նախարարության ուղղորդումը՝ դրանք առավել արդյունավետ և նպատակաուղղված իրականացնելու համար: Նոր կապերի առջև դուռը բաց է», - ընդգծել է ԱՄԻԿ նախագահը:

Առողջապահության նախարարը նշել է.

«Իրականում լուրջ խնդիր է, երբ նույն նախագծերը տարբեր կազմակերպություններ են իրականացնում: Ուստի, անհրաժեշտ է համատեղել քայլերը` թերևս ներգրավելով ոլորտի հասարակական կազմակերպություններին»:

Ուրվագծելով 2018-2019թթ․ անելիքները` Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է, որ սփյուռքի մի շարք օջախներում կազմակերպվելու են համաժողովներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների հանդիպումներ և խնդրել հնարավորության դեպքում մասնակցել դրանց:

Նախարար Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ոլորտին առնչվող ամենատարբեր նախագծեր, ինչպես նաև օրակարգում պահել 2019թ. Երևանում Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի համագումարի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նա շեշտել է, որ առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագրերում մեծապես կարևորվում է սփյուռքի դերը, հայտնում է առողջապահության նախարարությունը: