Կառավարության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարակական տվեց ստուգումներ անցկացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող թվով 28 կազմակերպություններում: Նա նշեց, որ այդ մասին իրեն խնդրել է բնապահպանության նախարարությունը:

Փաշինյանի խոսքով, ստուգումները պետք է անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությանն ուղղված վտանգների հայտնաբերման ու վերացման համար:

«Մեր խնդիրը հստակ է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա: Կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական ոլորտի մասնագետներ, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սա չպետք է լինի հերթապահ ստուգում, պետք է լինեն հստակ արդյունքներ, սա այն տեղը չէ, որ կարող են լինել փոխզիջումներ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև․

«Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով»: