ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այս մասին Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նամակով և բանավոր դիմել եմ ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում։

Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում» ։